Եգիպտոս․ հին աստվածների ու ծովի մասին

Տեղադրված է

Ինչից սկսել պատմությունը Եգիպտոսի մասի՞ն: Իհարկե՝ արկածից: Իսկ մինչ այդ՝ բացառիկ էսթետիկայից: Երևի մտածում եք՝ ավազը փափուկ, մանր, ծորացող դեղին հեքիաթ է, որ մատներիդ արանքով հոսում է, ինչպես հայտնի ֆիլմերում: Սխալվում եք. պինդ է, կարծր, նաև կախարդող: Ինքնաթիռից նայում եմ ներքև՝ հողի երակներն ու մազանոթները, մեկը մեկի վրա, իրարից սկսվող ու, թվում է, երբեք չավարտվող: Քամին ավազով խալի է հյուսել՝ երբեք չպատմված սիրո պես սիրուն, սիմետրիկ, ժամանակների ընթացք ցույց տվող: Ու ավազի այս նախշերի մեջ, հանկարծ, մի փոքրիկ գյուղ, մի քանի հյուղակ, ուր բնակվում են ավազի մարդիկ, կապույտ աչքերով, մուգ մաշկով, երկար շապիկով բեդվինները:

 Õ¶Õ¯Õ¡Ö€ 1

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, իմացեք՝ դուք գալիս եք սիրուն մարդկանց երկիր:

Դա գեղեցիկ է: Հուրգադայի օդանավակայանում, մուտքի մոտ, կապի օպերատորի փոքրիկ կրպակ կա: Մեզ ուղեկցող Իսլամն ասում է՝ հյուրանոցներում ինտերնետ կա, բայց գերարագ կապի համար խորհուրդ է տալիս տեղական քարտ գնել: Մոտենում եմ փոքրիկ կրպակին: Գնում եմ քարտը, որ արժե ընդամենը 6 ԱՄՆ դոլար, ու խնդրում վաճառող տղային` ինքնուրույն տեղադրել ու ակտիվացնել քարտը: Առանց տրտնջալու, կուտակված հերթն աչքի առաջ, տղան կատարում է խնդրանքս, հետո խնամքով տեղավորում հայկական քարտերը փոքրիկ ծրարի մեջ, որ հանկարծ չկորցնեմ: Շնորհակալությանս պատասխանում է բարի ժամանցի ու լավ հանգստի բարեմաղթանքով:

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, իմացեք՝ դուք գալիս եք մարդկանց երկիր, ովքեր շնորհակալություն ասել գիտեն: Դա կարևոր է:

Եվս մի քանի րոպե և արդեն հյուրանոցում ենք: Լայն, լուսավոր նախասրահում հյուրերին ընդունում են զովացուցիչ ըմպելիքներով և ուղեկցում ընդհանուր սենյակ, որտեղ հյուրանոցի ռուսախոս աշխատակցուհին բացատրում է այնտեղ բնակության բոլոր կանոններն ու առավելությունները:

նկար 2

Իսկ հիմա՝ արկածի մասին:

Հյուրանոցի նախասրահում արդեն հասկանում եմ՝ հեռախոսս չկա: Միանգամից դիմում եմ ձեզ արդեն ծանոթ Իսլամին և (խնդրեմ, ծանոթացեք) Իբրահիմին: Իբրահիմն արագ հետ է կանչում ավտոբուսը, որ հայ լրագրողների մեր խմբին օդանավակայանից հյուրանոց էր բերել: Մի քանի անգամ ստուգում են մեքենան, ոչինչ: Հեռախոսս չկա: Հույսս կորցնում եմ: Երկու ժամ հետո մեկ այլ լրագրողի զանգահարում են. «Ներեցեք, դուք հեռախոս եք կորցրե՞լ»: Խոսափողը փոխանցում են ինձ: Տղան ներողություն է խնդրում, որ հեռախոսս չի կարողանա անմիջապես բերել, բայց աշխատանքից հետո անպայման կհասցնի հյուրանոց: Երեկոյան, տղան, որ աշխատում էր օդանավակայանի փոքրիկ կրպակում, ուր, հավանաբար, թողել էի հեռախոսս, սպասում է հյուրանոցի առջև: Արագ շնորհակալություն եմ հայտնում, ու ձեռքը դնում մի փոքր գումար: Ընդդիմանում է, ինքը դրա համար չէ այսքան ճանապարհ կտրել, այդքան փնտրել ինձ: Ստիպում եմ, վերցնում է գումարը:

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, իմացեք՝ դուք գալիս եք ազնիվ մարդկանց երկիր: Դա հուսադրող է:

նկար 3

Հաջորդ օրը Իբրահիմն ասում է. «Ներողություն, ուղղակի Ռամադանի շրջան է: Երեկ ոչինչ չէի կերել և չէի խմել: Գլխացավ ունեի, թե չէ ինքս կգնայի օդանավակայան, հեռախոսիդ հետևից»: Ժպտում եմ, ու ինքս ներողություն խնդրում, որ անհանգստացրել եմ անձնական հարցով: Ասում եմ՝ «Ձեր մարդիկ շատ ազնիվ են. ինձ զգուշացնում էին, որ այստեղ ոչինչ չի կորում»: Կատակում է՝ «Բախտդ բերել է, Ռամադան է. այս շրջանում բոլորն են ազնիվ»: Երեկոյան, հյուրանոցի մուտքի մոտ իր աշխատանքն է սկսում փոքրիկ շուկան՝ քաղցրավենիք, մրգեր, հուշանվերներ: Մտնում եմ կրպակներից մեկը. «Որտեղի՞ց եք»,- հարցնում է վաճառողը: «Հայաստանից»,- պատասխանում եմ ես: «Ուրեմն՝ քրիստոնյա եք,- լայն ժպիտով՝ ասում է տղան,- Ես էլ եմ քրիստոնյա, տե՛ս»: Ու ցույց է տալիս դաստակի ներսի կողմում արված փոքրիկ դաջվածքը՝ խաչի տեսքով: Ղպտի քրիստոնյաները՝ բոլորը, դեռ մանկուց, դաստակի վրա դաջում են փոքրիկ կապույտ խաչի պատկերը՝ իրար և ուրիշներին ճանաչելի լինելու համար: Կրպակում գրեթե բոլոր աստվածներին դեմքով ճանաչում եմ: Իրար հերթ չտալով՝ վաճառող տղայի հետ, պատմում ենք տասնյակ պատմություններ, որ կարդացել ենք հին գրքերում:

Տղան կատակում է՝ «Մնա այստեղ, քեզ իմ խանութում աշխատանքի կընդունեմ: Բոլոր աստվածներին ինձանից լավ գիտես»: Այս մեծ, իրարամերժ, սիրուն երկրում մարդիկ սովորել են ապրել աստվածների ու նաև իրար հետ: Տարբեր կրոնների, դավանանքների դարավոր ընթացքը մարդկանց սովորեցրել է ոչ թե հանդուրժել իրար, այլ՝ ապրել համերաշխության մեջ: Տարիներ առաջ՝ եգիպտական հեղափոխության ժամանակ, մի լուսանկար էր շրջանառվում: Հրապարակում, որտեղ ոստիկանությունը հատուկ գործողություն էր ծրագրում, իսլամադավանների աղոթքի ժամին, քրիստոնյաները՝ ձեռք ձեռքի տված, շրջան էին կազմել՝ նամազ անողներին պաշտպանելու համար: Սա այս երկրի իրողությունն է:

նկար 4

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, իմացեք՝ դուք գալիս եք հանդուրժող մարդկանց երկիր: Դա նախանձելի է:

Առավոտյան մեզ ուղեկցում են քաղաքը տեսնելու: Հուրգադան՝ Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերից մեկը, ստեղծվել է ընդամենը 40 տարի առաջ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, ռազմական ավանի ծանր հիշողության վրա: Իրար հաջորդող շքեղ ու քարուքանդ թաղամասերը բնութագրում են ամբողջ երկիրը՝ բիրտ, տաք, սիրուն: Նորաստեղծ այս քաղաքում, բնականաբար, հին շինքեր գտնելը բարդ է: Քաղաքի ամենագեղեցիկ շինություններից մեկը հին քաղաքում՝ Դահարում գտնվող ղպտիական եկեղեցին է, որը նման չէ ձեր տեսած ոչ մի այլ եկեղեցու:

նկար 6

Քիչ հեռու Էլ-Մինա մզկիթն է՝ իսլամին հատուկ ճոխությամբ և վեհ: Եթե որոշեք այցելել մզկիթ, խուսափեք աղոթքի ժամերից: Նամազի ընթացքում այլադավանների մուտքը տարածք արգելվում է:

Հուրգադայում լավագույն զբաղմունքներից մեկը առևտուրն է: Եվ հիշեք՝ երբեք չգնեք որևէ բան՝ առաջնային գինը ճշտելուց հետո: Սակարկեք և մի մոռացեք՝ դուք գտնվում եք առևտրականների երկրում: Հնչեցրած գնի գոնե կեսը ասվել է ձեր զգոնությունը ստուգելու համար:

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, սովորեք առևտուր անել: Դա զվարճալի է:

Հյուսիսային Աֆրիկայի և Սինայի թերակղզու՝ Ասիայի արանքում գտնվող այս չքնաղ երկրում մայրամուտներ հազվադեպ կտեսնեք, եթե, իհարկե, անապատում չեք: Գնացեք սաֆարի տուրի: Փոքրիկ մեքենաներով ավազի անսահմանությունը վայելելու ընթացքում սպասեք երեկոյին, իսկ մինչ այդ անապատի մեջ, աշխարհից կտրված մի բեդվինական փոքրիկ ավանում ձեզ կհյուրընկալեն ավազի մարդիկ:

նկար 7

Ձեզ ծանոթ ոչ մի լեզվով նրանք չեն խոսում, բայց մի մտածեք՝ ամեն ինչ կբացատրեն, ամեն ինչ կպատմեն: Իսկ հետդարձի ճամփին ուշադիր եղեք, որովհետև տեսնելու եք ամենասիրուն մայրամուտներից մեկը, որի լույսի տակ ավազի ամեն բլուր ու ամեն փոքր սար ստվեր է թողնում, ու հասկանում ես պատմությունները միրաժների մասին:

նկար 8

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, իմացեք՝ արևը ստվեր ունի ավազի վրա: Դա հիասքանչ է:

Իսկ լուսադեմին՝ ժամը 4.30, մեծ ավտոբուսը ձեզ կտանի մ.թ.ա. 1400 թվական: 50 ԱՄՆ դոլարով ձեզ կհասցնեն Լուքսոր, քաղաք, որը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ «Ողջերի քաղաք» և «Մեռյալների քաղաք»: Մեռյալների քաղաքի արևմտյան ծայրամասում են գտնվում Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգվում է հին սրբարանը, 32 սյուներով հիպոստիլ նախասրահը և երկշար 64 սյուներով բակը, որի հեղինակը, ըստ ավանդության Ամենհոտեպ Կրտսերն է։ Այստեղ բարձրից ձեզ կհետևեն Ռամզես 11-րդի 6 արձանները, քիչ այն կողմ կարող եք զբոսնել 74 սյուներով ու մեկընդմեջ իրենց հայացքով սաստող փարավոնների արձաններով հսկայական բակում: Մեռյալների քաղաքից ձեզ դուրս կբերի ոչ մեծ նավակը, որը Նեղոսով ձեզ կհասցնի Բանանների կղզի:

նկար 9

Եթե որոշել եք Եգիպտոս գնալ, պատրաստ եղեք տեսնել հին աստվածներին: Դա փառահեղ է:

Իսկ հետո, ուղղակի վայելեք անշտապ հանգիստը: Սուզվեք ծովի հատակը, տեսեք ձկների, որոնց գեղեցկությունն անհավատալի է, զգացեք ծովի համը, արևածագի խաղաղությունը, սիրալիրությունը, որ տեղացիներից ստանալու եք:

նկար 11

Լրագրողների ճանաչողական այցը դեպի Հուրգադա կազմակերպել էր Anriva-Tour տուրօպերատորը, որը Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է և կանոնավոր ավիափոխադրում է իրականացնում դեպի Եգիպտոս ողջ տարին:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10