Շարմ Էլ Շեյխում չեն թալանում, հյուրերին «գլխի» վրա են պահում

Տեղադրված է

Երեքժամանոց թռիչքից հետո մեր օդանավը վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավակայան, որտեղ 15 րոպեն մեկ ինքնաթիռ է իջնում: Մեզ դիմավորեց ռուսախոս էքսկուրսավար Ահմեդ Աբբասը, որը հետագա ամբողջ շաբաթը ուղեկցեց մեզ ամենուր՝ ջանք ու եռանդ չխնայելով մեր հանգիստն առավել ուրախ ու բովանդակալից դարձնելու համար: Գարնան առաջին օրը հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 29 ներկայացուցիչ մեկշաբաթյա ճանաչողական այցով մեկնեցին Շարմ Էլ Շեյխ: Այցը կազմակերպել էին AIR CAIRO ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ տուրօպերատորը: Սինայի թերակղզու հարավում գտնվող, թարգմանաբար Շեյխի ծովախորշ՝ կոչվող քաղաքը մինչեւ 70-ականները եղել է ոչ մեծ ավան: Շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի եւ լավ կլիմայի, արագորեն զարգացել է` ձեռք բերելով համաշխարհային ճանաչում: Նախ` ժամացույցի սլաքները հետ պտտեցինք երկու ժամով, ապա մտանք հյուրանոցի նախամուտք, որտեղ աշխատակիցները մեզ դիմավորեցին «աղ ու հացով», այն այս պարագայում հոտավետ, ախտահանիչ անձեռոցիկներն ու սկուտեղի վրա մատուցվող բազմազան հյութերն ու ոգելից խմիչքներն էին: 

Այս կարգի ընդունելության հանդիպեցինք մեր այցելած 5 հյուրանոցում էլ, որոնցից 4-ում հյուրընկալվեցինք: Ճամփորդությանը պատրաստվելիս Երեւանում ինձ զգուշացնում էին, որ զարդեր չվերցնեմ եւ առհասարակ զգույշ լինեմ, քանի որ գողությունը շատ է: Սակայն տեղում համոզվեցի, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Մեր էքսկուրսավարը դա բացատրեց շատ խիստ օրենքներով, այսինքն՝ Ջիվանու ասած` մի ձու գողացողը, ճիշտ է, բանտում չի փտում, բայց 15 տարի նստում է: Իսկ կասկածամիտներն իրենց հանգիստ զգալու համար կարող են արժեքավոր իրերը պահել հյուրանոցի չհրկիզվող պահարանում` «սեյֆում», որն առկա էր մեր այցելած բոլոր հյուրանոցների համարներում: 
Ըստ Ահմեդ Աբբասի՝ թաղամասում ապրողները բոլորն անխտիր ճանաչում են իրար, քանի որ հենց նոր բնակիչ է գալիս, բոլորը գնում են, ծանոթանում, ճշտում՝ ով է, ինչով կարող են օգտակար լինել: Դա առաջին հերթին անվտանգության համար է, եւ բացի այդ, արդեն իմանում են՝ ով ինչ ընտանիք է, քանի որ այս երկրում էլ, մյուս արաբական երկրների պես, ծանոթ, բարեկամի օգնությամբ են աղջիկ գտնում ամուսնանալու նպատակով, ակտուալ է նաեւ կալիմ, մեր լեզվով ասած՝ օժիտ տալը: Նույն օրը երեկոյան դիմավորող կողմը Կարմիր ծովի ափին տոնական շքեղ ճաշկերույթ էր կազմակերպել, որի ընթացքում մեզ որոշ տեղեկություն տվեցին երկրի, քաղաքի մասին: Հաջորդ օրն առավոտյան շրջեցինք քաղաքի տեսարժան վայրերով, ապա այցելեցինք երկրի 10 տոկոսը կազմող քրիստոնյա ղպտիների ուղղափառ եկեղեցին, որը հրաշք գեղեցկություն ուներ: Ճանապարհին Ահմեդը պատմում էր, որ բենզինը վերջերս թանկացել է, մեկ լիտրն արժե 160 դրամ, մինչդեռ նախկինում այդ արժեքով կարող էիր 3 լիտր գնել: Անապատային քաղաքում աչք էր շոյում փարթամ բուսականությունը, Եգիպտոսի պետական արժույթը եգիպտական ֆունտն է, բայց ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ ամենուր կարող ես ազատ առեւտուր անել թե՛ դոլարով, թե՛ եվրոյով: Ի դեպ, երկուսն էլ վերցնում են նույն փոխարժեքով` առանց հաշվի առնելու եվրոյի բարձր կուրսը: Ամենուրեք արաբական համեմունքների, ազգային հուշանվերների, պապիրուսի, բազմատեսակ նարգիլեների խանութներ են, որտեղ անպայման պետք է լավ սակարկել: Ի դեպ, քանի որ մի քանի տարի առաջ էլ էի եղել Եգիպտոսում, ուստի նկատեցի, որ այստեղ թանկանալու փոխարեն՝ ապրանքը մի բան էլ էժանացել է, ինչը բացատրվում է զբոսաշրջիկների թվի նվազմամբ կամ ցածր գնողունակությամբ. սա մեզ հետ զրույցում հաստատեց հյուրանոցներից մեկի՝ ազգությամբ ռուս մենեջերը` Օլգան: Եգիպտոսի զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից էին, սակայն 2 տարի առաջ տեղի ունեցած հայտնի ավիավթարից հետո ռուսական իշխանությունները փակել են բոլոր չվերթները՝ արգելելով իրենց քաղաքացիներին հանգստանալ Եգիպտոսում. ներկայումս ոչ մի ռուս տուրիստ չունեն: Նրա տեղեկացմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տարվա ապրիլից չվերթները վերաբացվեն: Ներկայումս ամենաշատ զբոսաշրջիկները գալիս են Ուկրաինայից, կան նաեւ Ղազախստանից, Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, ինչպես նաեւ արաբական Քուվեյթ, Լիբիա, Սաուդյան Արաբիա երկրներից: Քանի որ հանգստացողների մեծ մասը ԱՊՀ տարածքից է, ուստի հյուրանոցում աշխատանքի անցնելու համար ռուսաց լեզվի հատուկ կուրսերի են հաճախում եւ նոր միայն աշխատանքի ընդունվում: Ի դեպ, Օլգան, երբ իմացավ, որ հայ եմ, ասաց, որ հայերին լավ է ճանաչում ու սիրում, քանի որ մի քանի տարի Մոսկվայում աշխատել է «Տաշիր գրուպում»՝ որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: Ճակատագրական է եղել 4 տարի առաջվա այցը Շարմ Էլ Շեյխ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, ընտանիք կազմել ու հիմա աշխատում է հյուրանոցի ադմինիստրատիվ կազմում: Նա միակ կին աշխատողն էր, որին տեսանք բոլոր հյուրանոցներ այցելության ընթացքում: Աշխատելով տարբեր կոլեկտիվներում՝ նա եկել է այն համոզման, որ արաբների հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ նրանք հարգանքով են վերաբերվում իրենց ազգի հարսներին, ավելի հանդուրժող են ու ընդառաջող: Իսկ առհասարակ, ցանկացած կոլեկտիվում 100 աշխատողին մի օտարերկրացի աշխատող է ընկնում, 99-ը պարտադիր պետք է եգիպտացի լինի, քանի որ աշխատատեղերը սուղ են: Աշխատանքը 5-օրյա է, հանգստանում են ուրբաթ, շաբաթ օրերին: Աշխատում են միայն տղամարդիկ՝ հավաքարարից սկսած մինչեւ մատուցող, խոհարար: Ի դեպ, նշենք, որ շատ համեղ էին պատրաստում ու բազմազան, այնպես որ՝ ցանկացած ազգի ներկայացուցիչ իր քիմքին հարիր ուտեստ կգտնի այստեղ: 
Եգիպտուհիները չեն աշխատում, նրանք շատ երեխաներ են ունենում, ամենաքիչը 6-7, եւ զբաղվում նրանց մեծացնելով ու դաստիարակությամբ, քանի որ այստեղ մանկապարտեզները վճարովի են, եւ մեծ մասը վճարունակ չէ: Ի դեպ, բացի վճարից, ծնողը ամեն օր պետք է իր երեխայի հետ ուղարկի նաեւ սնունդ, որպեսզի երեխան մանկապարտեզում սնվի: Մանկապարտեզները մինչեւ ժամը 15-ն են աշխատում: Շատ երեխաներ ունենալու երկրորդ պատճառը պարզապես սահմռկեցուցիչ էր. քանի որ բժշկությունը շատ թանկ է ու ոչ հասու, դրա համար էլ ծնողը չգիտի, թե երեխաներից քանիսը կապրեն, կմեծանան, ուստի շատ են ունենում: Բացի ազգայինից՝ կան նաեւ, այսպես ասած, «բրիտիշ» մանկապարտեզներ: Եթե եգիպտական մանկապարտեզն արժե 50 դոլար, ապա բրիտիշն արժե տարեկան 2000 դոլար: Վճարովի են նաեւ դպրոցները, որտեղ ուսուցումը 12 տարով է: 
Մի հետաքրքիր փաստ էլ. բոլորը դժգոհում էին իրենց աշխատավարձից՝ ասելով, որ քիչ են ստանում, սուղ են ապրում, բայց ոչ ոք իրավունք չուներ աշխատավարձի չափը հրապարակելու. դա նրանց համար կոմերցիոն գաղտնիք է: Ինչպես ասում են, մեկ շաբաթն անցավ մեկ օրվա պես, բայց հասցրինք գնալ Թաջ Մահալ դիսկոտեկ պարելու, Հազար ու մի գիշերում պորտապար դիտելու, մասնակցելու սաֆարի տուրին, նավով ճամփորդելու ու սուզվելու ծովի հատակ` կուտակելով ադրենալինի պաշար: Մեր խմբի ղեկավար Ահմեդին հայերեն ամենակարեւոր արտահայտությունները սովորեցրինք` «ինչ կա-չկա ու փող չկա»: Մարտի 8-ի առավոտյան նա եգիպտական ձեւով մեր կանանց տոնը շնորհավորեց: Խմբի կանանց ու աղջիկներին մի վերջին անակնկալ մատուցեց ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ-ը արդենի Երեւանի օդանավակայանում՝ մարտի 8-ի առթիվ բաժանելով կակաչներ: 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10