Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Կահիրե
Տարածքը՝ 1.001,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 75,4 մլն 
Պետական լեզուն՝ արաբերեն
Դրամական միավորը՝ եգիպտական ֆունտ

 

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: 

Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:

Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:

 

Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը: Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների:

 

Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում`   Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:

Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել:

Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:

 

XVI դարի սկզբներին Եգիպտոսն ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ավելի ուշ՝ XIX դարում Եգիպտոսին տիրել են անգլիացիները, իսկ արդեն 1922 թ-ին Եգիպտոսը հռչակվել է անկախ թագավորություն: 1953 թ-ից այն հանրապետություն է՝ նախագահի գլխավորությամբ:

Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է Եվրոպայի հզոր երկրների (Անգլիայի ու Ֆրանսիայի) և Իսրայելի հարձակումներին: 1967 թ-ին Իսրայելը գրավել է Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թ-ին: Միայն 1974թ-ին իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Այդ ջրանցքով կարելի է նավարկել Միջերկրականից դեպի Կարմիր ծով: 

Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո:

Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական:

 Եգիպտոսի ազգային օրհներգը՝ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, գրվել է 1869թվականին․ խոսքերի և երաժշտության հեղինակն է Սայեդ Դերվիշը։

Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով: Նեղոսի հովիտը մարդկային քաղաքակրթության զարգացման կենտրոններից է, որովհետև ծածկված է բերրի հողերով և խիստ տարբերվում է երկրի հիմնական տարածքը կազմող անապատային և կիսաանապատային լանդշաֆտներից: 

Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք: 

 

Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը:

Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը`   7 մլն): Այստեղ արտադրում են ոչ միայն սննդամթերք ու գործվածքներ, այլև ավտոմեքենաներ, տրակտորներ, երկաթուղային վագոններ, ձուլում են պողպատ, թուջ: