Առաջին ծովափնյա արձակուրդիցս երեք տպավորիչ դրվագ. տաք քամու թարս հարվածը դեմքիս, երբ Հուրգադայում իջա օդանավից: Արևից այրված ոտքերս, որ արձակուրդս բաժանեցին երկու անհավասար մասի` շատը վերցնելով իրենց ու ինձ կողպելով հյուրանոցի համարում: Երրորդն ամենատպավորիչն է:
Առաջին օրը, երբ առավոտյան թռիչքից հոգնած ու ծարավ ընկանք հյուրանոց, մեր խմբին տեղավորեցին ժողովների մի դահլիճում ու պատրաստվում էին երկար-բարակ բացատրել հյուրանոցի կարգն ու կանոնը: Հանկարծ հսկա սենյակում ականջից ականջ լուր գնաց` հեռախոսս կորցրել եմ, հեռախոսը չկա: Լրագրող-ընկերներից մեկն էր:
Հիշում էր` օդակայանից ավտոբուս նստելիս ձեռքին էր: Հյուրանոցում ենք, հեռախոսը չկա: Բոլորը սկսեցին իրենց պայուսակները, տոպրակները, գրպանները մտնել` ամեն ինչ տեղում է, հեռախոսը չկա: Սենյակում 25-30 լրագրող է: Հեռախոս կորցնողի ուղղությամբ հարցեր են թռչում բոլոր կողմերից:
Եթե այսպես շարունակվեր, մենք պատրաստ էինք բացահայտել նաև Քենեդու սպանությունը: Այստեղ արագ կողմոնորշվեց հյուրանոցի անդմինիստրացիան: Վայրկյան առաջ բաժանեց համարների բանալիներն ու մեզ շտապ հեռացրեց իրարից:
Անկեղծ ասած` այս կուտը մենք արագ կերանք. ուժասպառ էինք, չնայած ամեն մեկս մրգային կոկտեյլի առնվազն երկու բաժակ հասցրել էինք կուլ տալ գործի քննության ընթացքում: Երկու ժամ անց` Կարմիր ծովի ափին: Հեռախոսը գտնվել է: Երեկոյան հյուրանոցում կլինի: Ինչպե՞ս:
Օդակայանում բոլորս մի մարդու պես ինտերնետին միանալու քարտ էինք առել, որ հանկարծ հանգիստներս հարամ չլինի: Մեր լրագրող-ընկերուհին հենց այստեղ էլ զգոնությունը կորցրել էր, երբ քարտ վաճառող եգիպտոսցի ջահելը լայն ժպտացել էր նրան: Երիտասարդ փարավոնը դեպքից ժամեր անց զանգել էր, ասել` հեռախոսն իր մոտ է:
Ներողություն էր խնդրել, որ չի կարող օրվա ընթացքում բերել հյուրանոց` աշխատանքի է: Գործն ավարտի, երեկոյան կբերի: Բերեց` ժպիտը դեմքին: Տաքսիով էր եկել: Գումարը չէր ուզում վերցնել: Հայավարի գրպանը մտանք` գումարը արագ թողնելով այնտեղ:
Հետո գցեցինք-բռնեցինք, որ հին ժողովուրդները նման են իրար. մեկ էլ մենք կարող ենք այսպես: Համաձայն եք, չէ՞)